26 հոկտեմբերի 2020 - 16:08 AMT
Արցախի ՄԻՊ․ Ավետարանոց գյուղը հրթիռակոծվել է, 1 զոհ ու 2 վիրավոր կա

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 26-ին Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ, փոխանցում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

ՄԻՊ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը շարունակել է հրթիռակոծել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:

«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիականներ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»,-ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։