26 հոկտեմբերի 2020 - 21:00 AMT
Աննա Հակոբյանը կանանց 13 հոգանոց ջոկատով առաջնագիծ կմեկնի

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 27-ից պարապմունքներ կանցնի 13 հոգանոց կանանց ջոկատի կազմում՝ առաջնագիծ մեկնելու համար։

«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն ու զինկոմիսարիատ գնան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։