27 հոկտեմբերի 2020 - 11:26 AMT
Պատերազմի մեկ ամիսը․ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Բաքուն հարձակվեց Արցախի վրա

Հոկտեմբերի 27-ին լրանում է Արցախում թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմի մեկ ամիսը։ Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։10-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ խաղաղ բնակավայրեր։

Այս պատերազմն առանձնացավ Թուրքիայի կողմից Ադրբեջանին հասցող քաղաքական և ռազմական լիակատար աջակցությամբ։ Ադրբեջանի օգտագործման են տրված թուրքական F-16 կործանիչներ և Bayraktar անօդաչուներ։ Բացի այդ, Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի ահաբեկիչ-զինյալներ, ինչի մասին վկայում են ինչպես նրանց տեսանյութերը, այնպես էլ առանձին երկրների տվյալները, այդ թվում՝ ռուսական հետախուզությունը։

Մեկ ամսում հայկական կողմի հաշվարկներով հակառակորդը կորցրել է ավելի քան 200 ԱԹՍ, մոտ 2 տասնյակ ուղղաթիռ, ավելի քան 20 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, մոտ 7000 զոհ է տվել։ Ադրբեջանը գաղտնի է պահում իր զոհերի թիվը։ Վերջինիս հաջողվել է նաև որոշ ուղղություններով գրավել Արցախի առանձին հատվածներ։

Հայկական կողմից զոհվել է 974 զինծառայող (այդ թվում՝ կամավոր, պահեստազորային): Այս ընթացքում Ադրբեջանը շարունակաբար թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, հումանիտար նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հոսպիտալը, շտապ օգնության մեքենաները, փրկարար ծառայության շենքը։ Ադրբեջանական զինուժի դիտավորյալ թիրախ են դարձել նաև միջազգային լրագրողները։

Ընդհանուր զոհվել է 39 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հարյուրները, այդ թվում՝ երեխաներ։ Փախստական է դարձել մոտ 90,000 արցախցի։

Ադրբեջանը կրկին աչքի է ընկել ոճրագործի ձեռագրով, պարբերաբար համացանցում են հայտնվում ադրբեջանցիների նկարած ռազմական հանձագործություն պատկերող տեսանյութեր, գնդակահարվում են հայ քաղաքացիականներ, նվաստացվում և խոշտանգվում են հայ ռազմագերիներ, պղծվում հայ զինծառայողների դիակներ։

Այս ընթացքում միջազգային հանրությունը կողմերին զսպվածության և բանակցությունների սեղան վերադառնալու բազմաթիվ կոչեր է արել։ Հումանիտար նպատակներով կրակի դադարեցման 3 պայմանավորվածություն Ադրբեջանը ձախողել է՝ փաստացի հրաժարվելով մարտի դաշտում մնացած իր սպանված զինծառայողների մարմիններից և հայկական կողմում հայտնված ողջ զինծառայողներից։