27 հոկտեմբերի 2020 - 12:41 AMT
ԱԱԾ․ Դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր կան

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը հայտարարել է, որ պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր կան։ Աբազյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ կողմից բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից հակառակորդի համար փաստեր հավաքագրելու դեպք։

«Տվյալ բարձրաստիճան զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին», - ներկայացրել է Աբազյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ մեկ այլ դեպքով էլ օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ։

«Կան դեպքեր զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն», - ասել է նա։

ԱԱԾ պաշտոնյան հավելել է, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է 1551 ահազանգ։ Դրանք հիմնականում վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին։ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերի կողմից հասցեագրվել է 2300 նամակ-հաղորդագրություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։