27 հոկտեմբերի 2020 - 12:42 AMT
ՊՆ․ ՀՀ հարավում հակառակորդի կրակի արդյունքում վիրավորներ կան

Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանը նաև նշել է, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով Հայաստանի սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ:

ՊՆ խոսնակը նշել է, որ հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ:

Հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, Ադրբեջանը, շարունակելով խախտել հայտարարված հրադադարը, անօդաչու թռչող սարքերով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը (Մեղրի-խմբ․): ՊՆ-ից հայտնել էին, որ ստիպված են լինելու համապատասխան հարված հասցնել ադրբեջանական ուժերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։