27 հոկտեմբերի 2020 - 16:20 AMT
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն առաջարկել են վարչապետին հրատապ ԱԽ նիստ գումարել

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Այդ մասին ասվում է ԲՀԿ տարածած հայտարարության մեջ։

Նիստն առաջարկվում է հրավիրել հոկտեմբերի 27-ին։

«ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, որին կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ և որտեղ կկարողանանք տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը», - ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։