27 հոկտեմբերի 2020 - 19:06 AMT
Ավինյան․ Պետք չէ վհատվել վատ լուրերից և շատ ոգևորվել հաջողություններով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետք չէ վհատվել վատ լուրերից և չափից շատ ոգևորվել հաջողություններով։

«Տրտմության և ուրախության համար ժամանակ կունենանք հետո, իսկ այս պահին մեր նյարդերը պետք է կարծր քար դարձնենք։ Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը»,- գրել է նա։

Նա հավելել է նաև, որ Ադրբեջանի նպատակը մեկն է` ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաև ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածք։

«Մեր ժողովրդի պատմության ընթացքում մենք շատ ավելի ծանր դրվագներ ենք ունեցել և պատվով հաղթահարել ենք բոլոր դժվարությունները։ Հիմա եկել է ժամը կրկնելու հաղթական պատմությունը։ Վստահ եղեք՝ մեր միտքը, մեր կամքը, մեր տոկունությունն են վճռելու այս պատերազմի ելքը», - ասվում Ավինյանի գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։