Հոկտեմբերի 27-ի կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, 3 կին վիրավոր է, փոխանցում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Գյուղի բնակելի հատվածներում ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք:
Հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների։
«Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ից դիմել են միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին` անհապաղ քայլեր ձեռնարկելու Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու և դադարեցնելու ուղղությամբ:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։