27 հոկտեմբերի 2020 - 21:41 AMT
Զորահավաքից խուսափելը կպատժվի 6-12 տարով․ Զինծառայությանն առնչվող պատիժները խստացվել են

Ազգային ժողովի քվեարկությամբ խստացվել է զինծառայությունից խուսափելու և դրան առնչվող արարքների պատիժը։

Օրինակ՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելն այսուհետ պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարով (նախկին 4-8-ի փոխարեն):

Հրամանը չկատարելը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում արդեն պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 (նախկին՝ 5-15-ի փոխարեն) տարով:

Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում են 6-12 տարի ազատազրկմամբ` 3-8-ի փոխարեն։

Իսկ դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի ընթացքում, պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ՝ 6-12-ի փոխարեն։

Պատերազմի ժամանակ աշխատանքի մոբիլիզացիայից կամ այլ պարհակներ կատարելուց, ինչպես նաև հարկեր վճարելուց խուսափելը պատժվում է կալանքով՝ 1-3 ամսով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարով (նախկին՝ առավելագույնը 4 տարվա փոխարեն):

Ծանրացվել են նաև այլընտրանքային ծառայությունից խուսափելու և դրան զուգահեռ արարքների պատիժները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։