Ադրբեջանի հանրությունն Արցախի նվաճման լուր չի ստանալու, և այդ լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները, ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պատերազմը մի փուլ է մտել, երբ դրա շարունակությունն ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում հրադադար խախտող հակառակորդին՝ փլուզելով նրանց իլուզյաները։
«Ամբողջ հայությունն անմնացորդ է կռվելու։ Ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու։ Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք ԱՀ-ին, ՊԲ-ին»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ մարտական պայմաններում հրամանները պետք է անվերապահորեն կատարվեն, դրանք չկատարողները պետք է պատժի ու հանրային պարսավանքի արժանանան։
Անդրադառնալով հոտեմբերի 26-ի իր ելույթին՝ Փաշինյանը հայտնել է, որ այն նպատակ ուներ միջազգային հանրությանն ի ցույց դնելու հայ ժողովրդի կառուցողականությունն ու հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության շրջանակում։
Հոկտեմբերի 26-ին վարչապետը հայտարարել էր, որ Արցախյան հարցով հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, սակայն պատրաստ չէ կապիտուլյացիայի։ Նա նշել էր, որ պետք է ռեսուրսները կենտրոնացնել՝ «Ադրբեջանին փոխզիջումների հակելու համար»։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։