27 հոկտեմբերի 2020 - 22:54 AMT
Թրամփ․ Հիասթափված եմ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության խախտումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի ու Բաքվի միջև պաշտոնական Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումից, բայց հույս է հայտնել, որ կողմերը կաշխատեն այդ ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:

«Այո, դա հիասթափեցնող է: Ահա թե ինչ կատարվում, երբ ունենք երկրներ, որոնք երկար ժամանակ տարաձայնություններ են ունեցել։ [Հրադադարը] կվերականգնվի», - ասել է Թրամփը:

Ադրբեջանը և Հայաստանը հոկտեմբերի 25-ին երրորդ անգամ և արդեն պաշտոնական ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել: Այն, ինչպես և Մոսկվայի ու Փարիզի միջնորդույթամբ ձեռք բերված նախորդ երկու պայմանավորվածությունը, խախտել էր ադրբեջանական կողմը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։