28 հոկտեմբերի 2020 - 10:00 AMT
Ջալալ Հարությունյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդպիսի որոշում է կայացրել։

«Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք: Շնորհակալություն, պարոն գեներալ: Պատի՛վ ունեմ»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:

«Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,-գրել է Արցախի նախագահը։

Հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից, քանի որ օրերս մարտական դիրքում վիրավորում է ստացել: Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել Միքայել Արզումանյանը։