28 հոկտեմբերի 2020 - 12:17 AMT
Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանի ԶՈւ-ն խրախուսում է հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը

Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը: Այդ մասին ասվում է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող Արցախի ՄԻՊ-ի 2-րդ փակ զեկույցում, որն ուղարկվել է բազմաթիվ միջազգային կառույցների:

Նշվում է, որ այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:

Երկրորդ զեկույցում Արցախի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերն են հայ ռազմագերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։