29 հոկտեմբերի 2020 - 10:01 AMT
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Վալանսում հայերի վրա հարձակումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։

«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել»,-ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում Արցախի ճանաչմանն ուղղված ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել է հայ ցուցարարների վրա։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Ըստ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի՝ մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է:

Ֆրանսիայի հայերը երկու կողմից փակել էին դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Ակցիան խաղաղ էր։ Հայերը ոստիկաններին են փոխանցել հարձակումից հետո վերցրած մուրճը։