29 հոկտեմբերի 2020 - 10:15 AMT
Ստեփանակերտին կրկին հարվածել են. Տուն է փլուզվել, կան վիրավորներ

Հոկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ, 08:03-ին լսվել է հրթիռի հերթական հարվածի ձայնը, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետականծառայությունը։

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

Կեսգիշերից հետո և հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։