30 հոկտեմբերի 2020 - 10:02 AMT
ՊԲ․ Ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ

Հոկտեմբերի լույս 30-ի ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։