30 հոկտեմբերի 2020 - 11:02 AMT
ԵՄ-ում կոչ են արել ԼՂ-ում հրադադարի պահպանման միջազգային վերահսկում սահմանել

Եվրախորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են արել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ սահմանել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը և կոչ անում անհապաղ և առանց պայմանների դադարեցնել մարտական գործողությունները․․․Մենք նաև հորդորում ենք հրադադարի մոնիտորինգի արդյունավետ միջազգային մեխանիզմ սահմանել»,- ասվում է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Ադրբեջանը և Հայաստանը հոկտեմբերի 25-ին երրորդ անգամ և արդեն պաշտոնական ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել: Այն, ինչպես և Մոսկվայի ու Փարիզի միջնորդույթամբ ձեռք բերված նախորդ երկու պայմանավորվածությունը, խախտել էր ադրբեջանական կողմը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։