30 հոկտեմբերի 2020 - 12:04 AMT
ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում նեգատիվ զարգացում է արձանագրել

Եվրամիության առաջնորդները ոչ պաշտոնական վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ արձանագրել են, որ Թուրքիայից ԵՄ նկատմամբ դրական ազդակներ չկան։ Նրանք կվերադառնան այս հարցին նաև դեկտեմբերին, ասել է Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հոկտեմբերին մենք քննարկել էինք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ կապված Արևելյան Միջերկրականի հետ։ Մենք այն ժամանակ խոսեցինք երկու հնարավոր սցենարի մասին՝ պոզիտիվ և նեգատիվ։ Չարդարացավ մեր ցանկությունը՝ տեսնելու դրական առաջընթաց Թուրքիայի կողմից, ընդհակառակը՝ այն դիմեց սադրանքների և անընդունելի արտահայտությունների։ Մենք այս թեմային կվերադառնանք դեկտեմբերին»,-նշել է նա։

Կառույցի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին 2020-ի ձմռանը` միգրացիոն հերթական ճգնաժամի մեկնարկից հետո: Թուրքիան փետրվարին՝ Սիրիայի Իդլիբում իրավիճակի սրումից հետո հայտարարեց, որ այլևս ի վիճակի չէ զսպելու փախստականների հոսքը և բացեց իր սահմանները ԵՄ հետ: Միգրացիոն ճգնաժամը հիմնականում ազդել է Թուրքիայի հարևանների՝ Հունաստանի և Բուլղարիայի վրա:

Այնուհետև հարաբերություններն ավելի սրվեցին Միջերկրական ծովի Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտինեերում Թուրքիայի հետազոտական աշխատաքների մեկնարկից հետո։

Հարաբերությունների վրա ազդեցին նաև մուսուլման ծայրահեղականի կողմից ֆրանսիացի ուսուցչի գլխատումից հետո, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից հետո։