30 հոկտեմբերի 2020 - 12:21 AMT
ՌԴ ԱԳՆ․ Չենք ժխտում ԼՂ-ից սիրիացի գրոհայինների՝ Ռուսաստան «ներթափանցման» վտանգը

Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցող սիրիացի և լիբիացի գրոհայինների՝ ՌԴ «ներթափանցման» վտանգը։

«Անշուշտ, չի կարելի ժխտել այդպիսի վտանգը»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ լինել չեն կարող։ Կարևոր է վերլուծել բոլոր ռիսկերը, կանխարգելիչ աշխատանք տանել»,- ասել է նա։

Սիրոմոլոտովը հավելել է, որ ՌԴ իրավապահ մարմինները շատ ուշադիր հետևում են իրավիճակին։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը դեռևս հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ ըստ ծառայության տեղեկությունների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի են սկսել ակտիվորեն տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ։ Ըստ նրա՝ խոսքը մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» կազմակերպությունների մասին է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։