Լեռնային Ղարաբաղում պատերազմի այս փուլում Գերմանիան ունի երկու գերակա նպատակ՝ հումանիտար օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանն ու հասնել անվերապահ, անհապաղ հումանիտար հրադադարի, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը։
Նա նշել է, որ Կարմիր խաչը միջազգային հանրությունից Լեռնային Ղարաբաղում հումանիտար նպատակներով՝ շտապ 9 մլն եվրո էր խնդրել և Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի, փոխանցում է Times Now News-ը։
Նա նշել է, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, պատրաստ է խթանել բովանդակային բանակցություններին։
«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդունեն, որ միջազգային հանրությունը չի ընդունի այս երկարամյա հակամարտության որևէ ռազմական լուծում։ Անհնար է բանակցային շահեկան դիրքեր գրավել մարտի դաշտում։ Հրադադարին ու նոր բովանդակային բանակցություններին այլընտրանք չկա»,- ասել է Մաասը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):