30 հոկտեմբերի 2020 - 15:04 AMT
Հաջիև․ ԼՂ կարգավորման նոր մեխանիզմ պետք չէ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը կա

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն կարծում է՝ ԼՂ կարգավորման նոր մեխանիզմ հարկավոր չէ, և պատրաստ է օգտագործել բոլոր առկա հնարավորությունները։

«Տվյալ պահին ձևաչափ գոյություն ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ամեն ինչ կախված է այն փաստից, որ հարկավոր չէ նոր մեխանիզմ ստեղծել»,- ասել է Հաջիևը՝ պատասխանեով հարցին, թե անհրաժեշտ է արդյոք բանակցությունների նոր ձևաչափեր և կարգավորման նոր բանաձևեր մշակել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այս պահին կան տարբեր կարծիքներ՝ շփման խումբ ստեղծել, շփման մեխանիզմներ։ Սակայն միաժամանակ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ադրբեջանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները։ Գլխավորը հակամարտության քաղաքական լուծում գտնելն է և Ադրբեջանի տարածքների ազատումն ապահովելը, նաև խաղաղություն ու անվտանգություն ապահովելը Հարավային Կովկասում»,-ասել է նա։

Հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) Ժնևում կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ նախատեսված հանդիպումից առաջ։ Հոկտեմբերի 30-ին Ժնևում մեկնարկեել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։