30 հոկտեմբերի 2020 - 18:06 AMT
Վարձկանը ռազմագերի չէ․ Ինչ իրավունքներ ունի և չունի գերեվարված սիրիացին

Արցախի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 30-ին հայտարարեց, որ հայկական կողմը գերեվարել է Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկան ահաբեկչի։ Վարձկանների հավաքագրումը և օգտագործումն արգելված է միջազգային հատուկ կոնվենցիայով, որին միացած է նաև Ադրբեջանը։

Ժնևյան կոնվենցիայով և այլ միջազգային փաստաթղթերով վարձկանները չունեն ռազմագերու կարգավիճակ և համապատասխանաբար այդ կարգավիճակով սահմանված իրավունքներ։ Եվ քանի որ միջազգային օրենսդրությամբ վարձկանությունը համարվում է քրեական հանցագործություն, այդ մարդիկ կանգնում են դատարանի առաջ և ենթարկվում պատժի տվյալ երկրի քրեական օրենսդրության համապատասխան։

«Որպես կանոն, իրենք իրավունք չունեն օգտվելու կոմբատանտների՝ ռազմագերիների իրավունքներից, վարձկանությունը հանցագործություն է։ Բայց կան երկրներ, որոնք հայեցողաբար կարող են վարձկաններին տալ կոմբատանտության կարգավիճակ, դա թողնված է պետության հայացողությանը։ Եթե տրվում է նման իրավիճակ, օգտվում են դրան բնորոշ իրավունքներից։ Իսկ եթե չեն տալիս, այդ դեպքում նրանք, որպես կանոն ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Եվ միակ գոյություն ունեցող երաշխիքը դատարանի կողմից գործը քննելուց հետո պատժի ենթարկումն է»,- մեզ հետ զրույցում նշեց իրավաբան Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանի խոսքով՝ վարձկաններն ունեն միայն տվյալ երկրի օրենսդրության չափանիշներով արդար դատաքննության իրավունք, որը կարող է ենթադրել նաև պաշտպանի ծառայություններ։

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կայքի համաձայն՝ վարձկանության համար մեղադրվող մարդը չի կարող պատժի ենթարկվել առանց դատարանի որոշման։ Ըստ դրա՝ աշխարհի երկրները տարբեր վերաբերմունք ունեն առանձին միջազգային պրոտոկոլով սահմանված այս դրույթի հանդեպ։

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, որը գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով և զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում և այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար:

Սահմանվում է նաև, որ վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: Արցախի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում վարձկաններին առնչվող առանձին հոդված չկա։

Բացի այդ, օրերս ՀՀ-ն միացավ նաև «Վարձկանների հավաքագրման, օգտագործման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիային։

Կոնվենցիան վավերացրած պետություններն ընդունում են, որ վարձկանների հետ կապված գործունեությունը համարվում է հանցագործություն, և դրանք կատարած անձինք կամ պետք է քրեական պատժի ենթարկվեն, կամ արտահանձվեն։ Եթե պետությունը որոշում է չարտահանձնել նրան, պետք է երաշխավորի, որ անկախ մեղադրվողի այլ հանցագործություններ չգործելու հանգամանքից, նրա հանդեպ քրեական հետապնդում պետք է սկսվի։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և ապացույցներ են հայտնվում։