30 հոկտեմբերի 2020 - 23:44 AMT
Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերքով այրում է Արցախի անտառները

Ադրբեջանի զինված ուժերը ֆոսֆորային զինամթերքով կրակում է Արցախի անտառների վրա և հրդեհում դրանք։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում են անտառների վրա թափվող զինամթերքից կադրեր։

Թվիթերյան օգտատերեից մեկն արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որում երևում է, որ հրդեհներ կան Մատաղիսի շրջանում, Շուշիի և Կարմիր Շուկայի միջակայքում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ուսումնասիրվում է հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի կիրառումը, այդ լուրերը ճշտվում են։

Միջազգայնորեն սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը արգելված է, երբ դրանք կարող են վնասել քաղաքացիական բնակչությանը, դրանց կիրառությունը տարբեր դեպքերով սահմանափակված է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։