31 հոկտեմբերի 2020 - 01:45 AMT
Երևանն ու Բաքուն համաձայնել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղօբյեկտները

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի արդյունքով ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել։ Ըստ դրա՝ կողմերը համաձայնվել են մի շարք քայլեր ձեռնարկել․

● Չպետք է դիտավորյալ թիրախավորեն քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ միջազգային հումանիտար օրենքին համապատասխան։

● Կողմերը պետք է ակտիվ ներգրավվեն մարտադաշտից մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացին՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համար։

● Վերջիններիս կողմերը մեկ շաբաթում պետք է ներկայացնեն ռազմագերիների ցուցակ՝ հասանելիություն և փոխանակում կազմակերպելու համար։

● Կողմերը պետք է գրավոր հարցեր և մեկնաբանություններ ներկայացնեն հնարավոր հրադադարի վերիֆիկացման մեխանիզմների վերաբերյալ՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը համապատասխան։

Նշվում է, որ կողմերն առարկայական քննարկում են ունեցել հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի վերաբերյալ՝ նպատակ ունենալով հստակեցնել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ կարգավորման տարրերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 10-ի հայտարարության 3-րդ կետի համաձայն՝ «ՀՀ-ն և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։