31 հոկտեմբերի 2020 - 11:41 AMT
Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ կհատկացնի ԼՂ հակամարտությունից տուժածներին

Մեծ Բրիտանիան 1 մլն ֆունտ կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնության համար: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի կողմից հայտարարված օգնության նոր փաթեթի», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:

«Ֆինանսական օգնության փաթեթում, որի մասին հայտարարվեց, ներառված են սնունդ, դեղեր և բուժօգնություն հակամարտությունից տուժածներին: Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմին գործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և աշխատել խաղաղ, բանակցային քաղաքական լուծման ուղղությամբ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի բնակիչներին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 400,000 եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը: