Իսպանիայի Զարգացման միջազգային գործակալությունը (AECID) օգնություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված արցախցի մոտ 600 ընտանիքի։
Առավել խոցելի խմբերին կհատկացվի սննդամթերքով 2100 փաթեթ և հիգիենայի պարագաների 9000 հավաքածու, ասվում է AECID հաղորդագրության մեջ, գրում է Lavanguardia.com-ը։
Այս հումանիտար նախաձեռնության նպատակն է ապահովել Երևան տեղափոխված անձանց սննդային անվտանգությունը և հիգիենայի միջոցների հասանելիությունը, ինչպես նաև պաշտպանությունը Covid-19-ից։ Օգնությունը կիրացվի տեղի «Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY ) կազմակերպության հետ համատեղ՝ իսպանական ֆինանսավորմամբ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 400,000 եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։