2 նոյեմբերի 2020 - 13:51 AMT
Ահաբեկչին գերեվարած 5 հոգանոց խմբի անդամները պարգևատրվել են

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի խումբ կամավորների է պարգևատրել, այդ թվում՝ սիրիացի վարձկան ահաբեկչին գերեվարած 5 հոգանոց խմբի անդամներին։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Բալայանի անվան կամավորական ջոկատի անդամներ՝ Վլադիմիր Բալայանի որդի Ալեքսեյը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով են պարգևատրել կամավորներ Արմեն Բաղունցը, Արթուր Մնացականյանը և Հարութ Խաչատրյանը։

«Արիության» մեդալով հետմահու պարգևատրվել են Շահեն Մեղրյանի զինվորական ջոկատի կամավորականներ Գևորգ Կիրակոսյանը, Մխիթար Գրիգորյանը, Էրիկ Պողոսյանը, Հրայր Ասրյանը և Էդիկ Հայրապետյանը։

«Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում:

Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել»,-ասվում է նախագահի գրառման մեջ:

Արայիկ Հարությունյանը նաև տեսանյութ է հրապարակել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։