2 նոյեմբերի 2020 - 16:22 AMT
Սնել․ Հայ դիպուկահարը ոչնչացրել է սիրիական «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատարին

Արցախի մարտերում սպանվել է Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական «Սուլթան Մուրադ» էլիտար դիվիզիայի հրամանատարը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Մերձավոր արևելքի կոնֆլիկտները լուսաբանող ռազմական լրագրող Լինդսի Սնելը։

Նա գրում է, որ զինյալը սպանվել է դիպուկահարի կրակոցից։

Ավելի վաղ գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը հայտնել էր, որ Ադրբեջանում սպանվել է նաև Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական «Ալ-Համզա» դիվիզիայի 80-րդ բրիգադի հրամանատարը, իսկ «Սուլթան Մուրադ» դիվիզիայից տասնյակ զինյալներ անհետ կորած են։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ ապացույցներ են հայտնվում։ Անգամ հայկական կողմը գերեվարել է այդ զինյալներից, որոնք տեսախցիկի առաջ արաբերենով պատմել են՝ ինչ են անում Ադրբեջանում։

Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մի քանի հարյուր զինյալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։