2 նոյեմբերի 2020 - 23:24 AMT
ՄԱԿ պաշտոնյան զգուշացրել է ԼՂ-ում ռազմական հնարավոր հանցագորությունների մասին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ահազանգել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ անկանոն հարձակումների մասին, որոնք հակասում են միջազգային հումանիտար օրենքին։ Նա զգուշացրել է` դրանք կարող են համարվել ռազմական հանցագործություն:

Պաշտոնյան նշել է, էր պատերազմը սկսելուց ի վեր կողմերին բազմիցս կոչ է արվել ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը` քաղբնակչության շրջանում զոհերից խուսափելու կամ առնվազն դրանք նվազագույնին հասցնելու համար, ինչպես նաև տարբերակել քաղաքացիական ենթակառուցվածքները ոչ ռազմականից, այդ թվում` դպրոցները, հիվանդանոցները։ Հակառակ կոչերի` տներ և փողոցներ են ավերվել, մարդիկ ստիպված են եղել փախչել կամ անվտանգություն փնտրել նկուղներում։

Հանձնակատարի խոսքով` միջազգային մարդասիրական իրավունքն ավելի պարզ չի կարող լինել։ Իսկ տարբերակման կամ համաչափության սկզբունքի խախտմամբ հարձակումները ենթադրում են ռազմական հանցագործություններ։ Ըստ այդմ` հակամարտության կողմերը պարտավոր են շուտափույթ և անհապաղ հետաքննել այդ խախտումները և քրեորեն հետապնդել կասկածյալներին։

«Նման հարձակումները պետք է դադարեցվեն, և պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր կատարել կամ պատվիրել են դրանք»,- ասել է նա։

Բաչելետը նաև անդրադարձել է ենթադրաբար ռազմական հանցագործություններ պատկերող ԶԼՄ-ների հետաքննություններին, հրապարակվող լուսանկարներին և տեսանյութերին, նշել, որ դրանց ռազմական հանցագործություն լինելը կարող է սահմանել միայն կոմպետենտ դատարանը։ Նա, մասնավորապես, նկարագրել է ադրբեջանցիների կողմից իրականացված երկու հայ գերու արտադատարանային մահապատժի կադրերը, նշել, որ Ժնևյան կոնվենցիան պաշտպանում է այդ կարգավիճակում հայտնված մարդկանց։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AFP