3 նոյեմբերի 2020 - 10:35 AMT
Ահաբեկչություն՝ Վիեննայում․ Առնվազն 3 զոհ ու 15 վիրավոր կա, հարձակվողներն իսլամիստներ են

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում ահաբեկչական հարձակում է եղել, անհայտ անձը կրակոցներ է արձակել, նման գործողություններ ընթացել են քաղաքի ևս 5 փողոցում։

Ավստրիայի իշխանությունները հայտնել են, որ Վիեննայում սպանվել է առնվազն 3 մարդ, մոտ 15 հոգի վիրավոր է, փոխանցում է Euronews-ը։

Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է, մյուսներն իսլամիստներ են, նրանք բոլորը լավ զինված են։

Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով մեկ ոստիկան սպանվել է, ահաբեկիչներից մեկը ևս սպանված է։ Երկրի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը դիմել է բնակիչներին՝ հորդորելով տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Վիեննայում կրակոցներ արձակածները լավ զինված են և պրոֆեսիոնալ պատրաստված, իսկ կատարվածը միանշանակ ահաբեկչություն է։

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ իրենց զորակցությունն են հայտնել ավստրիացիներին:

Օրեր առաջ ահաբեկչական հարձակումներ էին եղել նաև Ֆրանսիայում։ Ահաբեկիչը Նիսի տաճարում 3 հոգու էր սպանել՝ նրանցից մեկին՝ գլխատելով։ Սեպտեմբերին այդ երկրում նաև ուսուցչի էին գլխատել՝ Մուհամեդ մարգարեի ծաղանկարը խոսքի ազատություն համարելու պատճառով։

Photo. Reuters