4 նոյեմբերի 2020 - 17:34 AMT
Արցախի նախագահ․ Երևանում օպերատիվ շտաբը լիարժեք գործում է

Ժամանակավորապես ՀՀ տեղափոխված Արցախի քաղաքացիները կարող են դիմել Երևանում արդեն լիարժեք գործող օպերատիվ շտաբ, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում Արցախի քաղաքացիները կարող են դիմել սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն»,- ասվում է գրառման մեջ։

Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է նաև թեժ գիծ՝ (010) 59-03-39, կարելի է զանգահարել 8138 կարճ համարին: Այս օպերատիվ շտաբը սերտ գործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։