4 նոյեմբերի 2020 - 18:40 AMT
Պուտին․ ՌԴ-ն անում է հնարավորը, որ ԼՂ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի

Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի ԼՂ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ ավարտվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

Նա նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով։

«Դուք գիտեք, որ ՌԴ-ն անում է հնարավորը, որպեսզի պահպանի այն մարդկանց կյանքերը, որոնք զենքով կանգնած են դեմ առ դեմ, զենք են կիրառում այն հարցերի լուծման համար, որոնք, մեր խորին համոզմամբ, հնարավոր կլիներ լուծել խաղաղ ճանապարհով»,-ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․ մի հիմքի վրա, որն ընդունելի կլինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց համար, և հասնել դրան խաղաղ ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։