5 նոյեմբերի 2020 - 10:20 AMT
Գնդապետ Արգամ Գևորգյանը և փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան են ստացել

Գնդապետ Արգամ Գևորգյանը և փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար ՀՀ պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով. թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ Ռադիկի Գևորգյանին և N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հովհաննեսի Հարությունյանին»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։