5 նոյեմբերի 2020 - 10:41 AMT
Կանադական Լավալը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է այդ երկրում Հայ դատի հանձնախումբը։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ Լավալը․

• ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

• դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան,

• կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարություններին հնարավորն անել միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների կատարումն ապահովելու համար,

• առաջարկում է Կանադայի կառավարությանն ընդունել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անջատման իրավունքը՝ ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը:

Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին Իտալիայի Պալերմո, Միլան և Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները, ինչպես նաև Լոմբարդիա տարածաշրջանը։ Աշխարհի մի շարք քաղաքներ և նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։ ԱՄՆ 8 նահանգ դեռևս մինչ պատերազմը ճանաչել էր Արցախի անկախությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։