5 նոյեմբերի 2020 - 12:04 AMT
ԱԳՆ. 2021-ի գերակա ուղղություններից է լինելու գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունը

2021-ի համար ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնական գերակա ուղղություններն են լինելու գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունը, հայապահպանությունը և արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացումը, աջակցությունը ՀՀ բարեփոխումներին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Խոսելով բյուջեի մասին՝ նախարարն ասել է, որ նպատակ կա ընդլայնելու ՀՀ ներկայացուցչությունն աշխարհի տարբեր կետերում և լրացուցիչ հատկացում է նախատեսվում բյուջեից։ Մնացականյանը կարևորել է, որ նման ծախսերը բացառապես պետական միջոցներով կատարվեն։

Նա տեղեկացրել է, որ նախատեսել են բյուջեից լրացուցիչ 476 մլն դրամ հատկացնել ԱԳՆ բարեփոխումների և կարողությունների ամրապնդման նպատակով:

Մնացականյանի խոսքով, Հայաստանն արդեն այն փուլում է, երբ բարեփոխումների արդյունքները հնարավորություն են տալիս էլ ավելի կանոնավորելու ծրագրավորված բարեփոխումները և աշխատանքները կադրային կարողությունների ամրապնդման առումով:

Խոսելով 2020 թվականի մասին՝ նախարարը նշել է, որ տարին չափազանց լարված և ծանրաբեռնված էր՝ պայմանավորված համավարակով, իսկ սեպտեմբերից արդեն նոր իրողությամբ՝ պատերազմով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։