5 նոյեմբերի 2020 - 13:44 AMT
Արցախի նախագահը Շուշիում հատուկ շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։

«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:

Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին»,- ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։