5 նոյեմբերի 2020 - 14:06 AMT
«Սուրմալուում» Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերք է հայտնաբերվել

Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերք է հայտնաբերվել, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ռուսաստանի «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված 82.5 տոկոսանոց սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզվել է, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:

Հայտնաբերված սփրեդի ամբողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:

Տեսչական մարմինը քաղաքացիներին խնդրում է լինել ուշադիր և, որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում, զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 012 0906090 հեռախոսահամարներով:

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաև «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու՝ ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանում:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: