Արցախի մոտ 33,000 քաղաքացու կրթության իրավունք է խախտվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ Արցախում 61 դպրոց և 10 մանկապարտեզ է ավերվել, գրում է Sputnik Արմենիան։
«Սեպտեմբերի 28-ից ՀՀ սահմանապահ գյուղերի աշակերտները ևս չեն կարողանում դպրոց այցելել նույն պատճառով։ Նրանք անցել են հեռավար ուսուցման՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է Անդրեասյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով տուժել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցները։ Փոխնախարարը հավելել է, որ նրանք բոլորն ապահովված են հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և անվճար ինտերնետով։
Արցախից ժամանած զգալի թվով երեխաներ ընդգրկվել են դպրոցներում: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ այդ երեխաներն իրենց կրթությունը կարող են շարունակել նաև ուսումնարաններում, քոլեջներում:
«Որոշ վայրերում նոր ուսուցիչների ընդգրկման անհրաժեշտություն կա՝ պայմանավորված աշակերտների թվով: Այստեղ առաջնահերթությունը տրվելու է Արցախից Հայաստան ժամանած ուսուցիչներին», - ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։