5 նոյեմբերի 2020 - 22:32 AMT
ՊՆ․ Մոտ 30 հոգանոց ստորաբաժանում ենք ոչնչացրել, դիվերսանտներն ամեն կերպ փորձում են խնդիր լուծել՝ չի ստացվում

Հոկտեմբերի 5-ի ամբողջ գիշեր մարտերը ոչ մի րոպե չեն դադարել, չնայած ակտիվությունը նվազել է, Շուշիի մերձակայքում գտնվող դիվերսանտներն ամեն կերպ փորձում են որոշ խնդիրներ լուծել, դա նրանց չի հաջողվում, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նոյեմբերի 5-ի երեկոյի դրությամբ մոտ 30 հոգանոց խմբավորում է ոչնչացվել, որոշները փախել են։

Նրա խոսքով՝ առավոտյան մարտերն ավելի թեժ են եղել՝ հրետանու կիրառմամբ։ Օրվա ընթացքում Արցախի հյուսիսում, կենտրոնում, Կարմիր շուկայի հատվածում, հարավում փոքր գրոհող խմբերով ու նվազագույն թվով զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կորուստներ կրելով։

«Վարձկաններն ու ադրբեջանական բանակը չեն հաջողելու, որովհետև Շուշիի ու հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքին իրենց բնակավայրերն են պաշտպանում։ Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվում են ու շարունակվելու են, բայց վիճակն օրհասական չէ։ «Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվում է, մեր ձորերն ու անտառները նրանց դժոխքն են դառնալու»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ քաղաքացիական բնակչության մուտքն իրենց իսկ անվտանգությունից ելնելով չի թույլատրվում, չնայած Բերձորի ճանապարհը՝ Լիսագորի հատվածում, հայկական ստորաբաժանումները մաքրել են, այդտեղ պարեկություն է իրականացվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ Հովհաննիսյան․ Շուշիում դրոշ դնելու համար փոքր խմբերով ժայռեր են մագլցում, ոչնչացնում ենք