8 նոյեմբերի 2020 - 16:56 AMT
ՊԲ-ն հերթական Bayraktar-ն է խոցել

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական Bayraktar անօդաչու թռչող սարքը:

Թուրքական ԱԹՍ-ի խոցման մասին հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Bayraktar ԱԹՍ-ները Արցախում սանձազերծված պատերազմի սկզբում ակտիվորեն կիրառվում էին, պատերազմից մոտ մեկ ամիս անց, սակայն, հայկական կողմը նշում էր, որ դրանց կիրառումը պակասել է, որոշ հատվածներում չեն նկատվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։