23 փետրվարի 2009 - 23:24 AMT
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են հրավիրվել մասնակցելու «Արեւելյան գործընկերություն» ծրագրին
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են հրավիրվել մասնակցելու Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները ԵՄ ԱԳՆ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում: «Մենք չենք ցանկանում, որ կրկնվի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված իրավիճակը` այնսինքն, երբ Ռուսաստանի մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ նրան ամեն կողմից շրջապատել են: Սակայն ԵՄ-ում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կառլ Շվարցենբերգը գտնում է, որ այդ գաղափարից պետք է հրաժարվել: «Տեսականորեն այդպիսով մենք կարող ենք հրավիրել մասնակցելու մեր նախագծերին Ճապոնիային ու ԱՄՆ-ին: Սակայն մենք ողջունում ենք բոլոր նրանց, ով ցանկանում է աշխատել մեզ հետ: Մենք բաց ենք բոլոր երկրների հետ համագործակցության համար»,-ասել է Շվարցենբերգը, հաղորդում է The Earth Times-ը:

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի խոսքերով, ծրագրին ՌԴ մասնակցության նախաձեռնությամբ հանդես եկավ Սերգեյ Լավրովը:

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է Եվրամիության եւ վեց նախկին խորհրդային հանրապետությունների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Ընդ որում Բելառուսի մասնակցությունը ծրագրին մինչեւ վերջին պահը կասկածի տակ էր:

Մասնակցությունը նախագծին չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, սակայն ենթադրում է քաղաքական եւ տնտեսական մերձեցում: Մասնավորապես, որպես լրացուցիչ ֆինանսական օգնություն ժողովրդավարական բարեփոխումների դիմաց նշված վեց երկրներին մինչեւ 2013թ. նախատեսվում է հատկացնել 350 մլն եվրո:

Նախագծի մեկնարկը կտրվի մայիսի 7-ին Պրահայում մասնակից երկրների գագաթնաժողովում: