8 նոյեմբերի 2020 - 20:02 AMT
Ստեփանակերտը հրթիռակոծվել է, Մարտունիում ու Մարտակերտում իրավիճակն անհանգիստ է

Նոյեմբերի 8-ի ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված, Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը, դրանից հետո քաղաքը կրկին հրթիռակոծվել է։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած, փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշան։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։ Մարտունիում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին»,-նշում են ԱԻՊԾ-ից։

Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։