24 փետրվարի 2009 - 11:46 AMT
Այն հայտարարությունները, թե հայկական սփյուռքն է խանգարում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, բացահայտ սուտ է
Թուրք պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե հայկական սփյուռքը, պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բացահայտ սուտ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի` ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Խոսելով այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի նպաստի հայ-թուրքական երկխոսությանը, Թուրքիան դեմ է գնում ճշմարտությանն ու արդարությանը: Համաշխարհային հանրության կարծիքը մարդկության դեմ հանցագործությունների մասին փոխվում է, եւ մարդիկ հասկանում են,որ հնարավոր չէ չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է հենվենք իրողության եւ փաստերի վրա, այլ ոչ թե կախված լինենք ինչ-որ հարաբերություններից»-նշել է Վարդանյանը: