9 նոյեմբերի 2020 - 17:10 AMT
ԱՆ. Սուր շնչառական վարակներն ու սեզոնային գրիպն աշխուժացել են

Հայաստանի ամբողջ տարածքում դիտվում է ինչպես կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ, այնպես էլ սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում` պատերազմի պայմաններում էլ ավելի ծանրաբեռնելով առողջապահական համակարգը:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է գրիպի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին։

«Եթե հանրության շրջանում կորոնավիրուսային հիվանդության առումով կան որոշակի մտահոգություններ, թե ինչպես խուսափել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդությունը, ապա այս իրավիճակում սեզոնային գրիպը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ վերջինիս կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբերի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են անվճար, պետպատվերի շրջանակում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի, սակայն սույն թվականի նոյեմբերի վերջին, եթե ռիսկի խմբերի անձինք հրաժարվեն իրենց համար նախատեսված պատվաստումից։