9 նոյեմբերի 2020 - 17:18 AMT
Կարմիր շուկայի ուղղությամբ գրոհը կասեցվել է․ Եվս 3 ԱԹՍ ենք խոցել

Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք»,-ասել է նա։

Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ Քարին տակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանում է ոչնչացվել։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն ընթացած մարտերում հայկական կողմը 8 ԱԹՍ էր խոցել, ևս մեկ ԱԹՍ-ի խոցելու մասին վաղ առավոտյան հայտնել էր ՊՆ ներկայացուցիչ Արծրում Հովհաննիսյանը։ Ստացվում է, վերջին 24 ժամում հայկական կողմը 12 ԱԹՍ է խոցել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։