10 նոյեմբերի 2020 - 09:34 AMT
ՊՆ և ԳՇ. Պարտավոր ենք կատարել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները

ՀՀ ՊՆ-ն և Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում են, որ պաշտպանում են և պարտավոր են կատարել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։

«Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ ...Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ»,- նշվում է հայտարարության մեջ։

Կառույցները կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ։

«Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են», - փոխանցում են կառույցները։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։