10 նոյեմբերի 2020 - 09:56 AMT
ՄԻՊ․ Պետք է բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք

Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ դա միայն ավելացնում է լարվածությունը:

«Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն:

Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաև ըստ այս պահի տվյալների՝ հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների նկատմամբ: Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան:

«Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Այդ որոշումից դժգոհ ցուցարարները խմբակային ծեծի ենթարկված Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։Միրզոյանը վնասվածքներ ունի։