10 նոյեմբերի 2020 - 10:16 AMT
Գարեգին Բ․ ՀՀ և ԱՀ իշխանությունը սպառիչ բացատրություն պետք է ներկայացնի ժողովրդին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ է արել Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնել ժողովրդին՝ կայացված որոշումների և հայրենի երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։

«Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։

Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։

Սիրելիներ, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Թիկունքն այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Այդ որոշումից դժգոհ ցուցարարները մտել են կառավարության շենք, այնտեղ ոչ ոքի չգտնելով, շարժվել են դեպի Աժ, խմբակային ծեծի ենթարկված Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։Միրզոյանը վնասվածքներ ունի։