10 նոյեմբերի 2020 - 10:34 AMT
Քաղաքացիները կրկին ԱԺ տարածքում են

Քաղաքացիները կրկին Ազգային ժողովի տարածքում են։ Նրանք պահանջում են չեղարկել Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը, որի մասին նոյեմբերի լույս 9-ի գիշերը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Այդ որոշումից դժգոհ ցուցարարները մտել են կառավարության շենք, այնտեղ ոչ ոքի չգտնելով, շարժվել են դեպի Աժ, խմբակային ծեծի ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի։ Նա վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։