10 նոյեմբերի 2020 - 18:19 AMT
Թանկյան. Նոյեմբերի 9-ը հայոց և համաշխարհային պատմության համար սև օր է

System Of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը նոյեմբերի 9-ն անվանել է հայոց պատմության, ինչպես նաև աշխարհում իրավունքների և արդարադատության պատմության համար ամենասև օրերից մեկը:

Նա նշել է, որ հայությունը ևս մեկ անգամ իր պատմության մեջ հիասթափված է միջազգային հանրությունից․ «Միջազգային հանրությունը մեզ օգնության ձեռք չմեկնեց, երբ մենք կռվում էինք վարձկանների և անարդարությունների դեմ մեր պապերի հողերում»։

«Բայց հանձնվելու ժամանակը չէ, մանավանդ Սփյու՛ռք, մենք պետք է ավելի շատ աշխատենք, ավելի ամուր պահանջենք պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաև բազմաթիվ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը»,- նշել է նա։

Թանկյանի խոսքով՝ ինքը, որպես ամբողջ կյանքն արդարության համար պայքարած մարդ, երբեք այսքան հիասթափված չի եղել․ «Բայց ես ձեզ հետ եմ, մենք պետք է մի ազգ լինենք, պետք է միավորված լինենք, մենք չենք կարող թույլ տալ՝ սա պառակտի մեզ, մենք երկար ճանապարհ ունենք, մենք չենք պատրաստվում ուղղակի գոյատևել, մենք պատրաստվում ենք հաջողել»,- ասել է երգիչը։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը։ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է վերադարձվում մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի տարածվի Շուշիի վրա, ու կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության տակ